Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԲՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և ԲՈՒՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻԱԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԲՈՒՆ ԳՈՐԾԸ

ԲՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և ԲՈՒՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻԱԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԲՈՒՆ ԳՈՐԾԸ
08.12.2009 | 00:00

Նիկոլո Մաքիավելի` իտալացի, ծնված 1469 թ. մայիսի 3-ին, Ֆլորենցիայի մերձակա Սան Կաշանո գյուղում, վախճանված 1527 թ. հունիսի 21-ին, Սան Կաշանոյում: Նրա հայրը` փաստաբան Բեռնարդո դի Նիկոլո Մաքիավելին, և մայրը` Բարտոլոմեա դի Ստեֆանո Նելին, ջանացել էին, որ իրենց երկրորդ որդին տիրապետի լատինական ու իտալական դասական ողջ մշակույթին: Նրա ապրած ժամանակները դժվար ու դաժան էին. Հռոմի պապերն իրենց բանակներն ունեին, իսկ Իտալիայի քաղաք-պետությունները մեկը մյուսի հետևից ընկնում էին այլ պետությունների տիրապետության տակ` Ֆրանսիայի, Իսպանիայի, Հռոմեական սրբազան կայսրության: Հետո պատմաբաններն այդ ժամանակները կանվանեն դաշինքների, հեղաշրջումների, հերոսության ու դավաճանության ժամանակներ, երբ վարձկանների բանակներն առանց նախազգուշացման թշնամու կողմն էին անցնում, եթե նա ավելի էր վճարում, իսկ իշխանությունը մի քանի շաբաթից փոխվում էր: Անկանոն հեղաշրջումների այդ շրջապտույտում ամենածանրը Հռոմի ավերումն էր 1527 թ., նույն վիճակում էին Ֆլորենցիան ու Ջենովան, Վենետիկն ու Միլանը:
1494 թ. Ջիրոլամո Սավոնարոլայի գլխավորությամբ Ֆլորենցիան վերականգնեց հանրապետությունը` վտարելով Մեդիչիների ընտանիքին, որը 60 տարի կառավարում էր քաղաք-պետությունը: 1498 թ. 29 տարեկանում Նիկոլո Մաքիավելին դառնում է հանրապետության ղեկավար խորհրդի քարտուղար ու դեսպան, որը պատասխանատու էր դիվանագիտական բանակցությունների ու ռազմական գործերի համար, այսօրվա իշխանական տրամաբանությամբ` արտաքին գործերի ու պաշտպանության նախարար: 1499 թ. և 1512 թ. նա հաճախ էր դիվանագիտական առաքելությամբ լինում Լյուդովիկոս 12-րդի, Ֆերդինանդ 2-րդի արքունիքներում, Վատիկանի պապական նստավայրում: 1502-1503 թթ. նա ականատեսն էր զինվոր-հոգևորական Չեզարե Բորջիայի գործունեության` զինվորական ու պետական գործչի, ում նպատակն էր Կենտրոնական Իտալիայի միավորումը: 1503-1506 թթ. Մաքիավելին ղեկավարում էր ֆլորենտական ոստիկանությունը և քաղաքի պաշտպանությունը: Նա չէր վստահում վարձկաններին և գերադասում էր քաղաքացիներից կազմված աշխարհազորը: 1512 թ. օգոստոսին Հուլիոս Երկրորդ պապի աջակցությամբ Մեդիչիները վերադարձան Ֆլորենցիա, Մաքիավելին դարձավ անցանկալի անձ, մեղադրվեց դավադրության մեջ և ձերբակալվեց: Նրան հաջողվեց հերքել բոլոր մեղադրանքները, և նա ազատ արձակվեց: Նիկոլո Մաքիավելին հեռացավ Ֆլորենցիայից իր Սանտա Անդրեայի կալվածքը և սկսեց գրել` դառնալով իր ժամանակի քաղաքական փիլիսոփայության ամենանշանավոր դեմքը: Նա վախճանվեց 1527 թ., 58 տարեկանում, Սան Կաշանոյում, որտեղ և ծնվել էր: Նրա գերեզմանի տեղն անհայտ է, բայց երախտագետ հայրենակիցները Ֆլորենցիայի Սանտա Կրոչե նշանավոր եկեղեցում նրա հուշաքարը տեղադրեցին, որտեղ այսօր էլ ծաղիկներ են դնում:
Պատմականորեն Մաքիավելին համարվում է քաղաքականության մեջ նուրբ ցինիկ, որ քաղաքական գործչի վարվելակերպի ու քաղաքականության հիմքում տեսնում էր ուժը, այլ ոչ թե բարոյականությունը, որը կարելի էր արհամարհել հանուն բարի նպատակի: «Տիրակալում» և «Տիտոս Լիվիոսի առաջին դեկադայի մասին դատողություններում» նա պետությունը դիտարկում է իբրև հասարակության քաղաքական վիճակ` իշխողների ու հպատակների փոխհարաբերությունները, համապատասխանորեն կազմակերպված քաղաքական իշխանության, հաստատությունների ու օրենքների գործառնությունը: Նա քաղաքականությունն անվանում էր փորձնական գիտություն, որը բացատրում է անցյալը, ղեկավարում ներկան և ի զորու է կանխատեսելու ապագան: Համընդհանուր զինվորական ծառայության գաղափարը ևս նրան է պատկանում` «Ռազմարվեստի մասին» տրակտատում նա վարձկանների բանակից կոչ էր անում անցնել պետության քաղաքացիներից զինակոչով ձևավորվող մշտական բանակի: Իսկ «Նպատակն արդարացնում է միջոցները» հանրահայտ արտահայտությունը նրան վերագրվում է, իրական հեղինակը Թոմաս Հոբսն է (1588-1679):
«Տիրակալը» Նիկոլո Մաքիավելին գրել է 1513-1515 թթ.: 494 տարի անց այս տրակտատի ընթերցանությունը պարգևում է բնավ էլ ոչ միայն պատմական հաճույք, «Տիրակալը» մնում է խիստ արդիական, խիստ ուսանելի և հեռանկարային: Թարգմանաբար ներկայացնելով Նիկոլո Մաքիավելիի ամենանշանավոր տրակտատներից մեկը` ամենից շատ կցանկանայի ընթերցող ունենալ ուսանողներին և ավագ դպրոցի սաներին: Իմ ժամանակներում բուհերում ուսուցանվում էին Կանտի սխալը, Հեգելի մոլորությունը, Ֆոյերբախի վրիպումը, բայց ոչ Կանտի, Հեգելի, Ֆոյերբախի ու մնացյալների բուն ստեղծագործությունները: Համոզված եմ, որ բուն ճշմարտության և բուն մոլորության մասին միակ վկայությունը կարող է լինել բուն գործը, այլ ոչ թե նրա մեկնաբանությունը, նույնիսկ հանճարեղ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ

ՏԻՐԱԿԱԼԸ
ԳԼՈՒԽ I
ՔԱՆԻ ՏԵՍԱԿ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՒՄ
Բոլոր պետությունները, բոլոր տերությունները, որ ունեցել են կամ ունեն իշխանություն մարդկանց նկատմամբ, եղել են կամ հանրապետություններ, կամ միանձնյա ղեկավարվող պետություններ: Վերջինները կարող են լինել կամ ժառանգված` եթե տիրակալի տոհմը երկար ժամանակ է իշխել, կամ` նոր: Նոր կարող է լինել կամ ամբողջ պետությունը, ինչպիսին է Միլանը Ֆրանչեսկո Սֆորցայի համար, կամ նրա մի մասը, որ նվաճման հետևանքով ավելացվել է ժառանգված պետությանը` այդպիսին է Նեապոլյան թագավորությունն Իսպանիայի արքայի համար: Նոր պետությունները բաժանվում են այնպիսիների, որտեղ հպատակներն ընտելացել են տիրակալին ենթարկվելուն, և այնպիսիների, որտեղ ի սկզբանե ազատ ապրել են: Պետությունները ձեռք են բերվում կա՛մ սեփական, կա՛մ ուրիշի զենքով, կա՛մ ճակատագրի բարեհաճությամբ, կա՛մ խիզախությամբ:
ԳԼՈՒԽ II
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես չեմ անդրադառնա հանրապետություններին, քանզի մանրամասն խոսելու առիթ դեռ կլինի: Ես միանգամից կանցնեմ միանձնյա կառավարմանը և այն խնդրին, ինչպե՞ս կարող են տիրակալները կառավարել պետությունը և պահպանել իրենց իշխանությունը:
Իշխանությունը ժառանգած տիրակալը, ում հպատակներն արդեն ընտելացել են նրան, շատ ավելի հեշտ է պահպանում իշխանությունը, քան նոր տիրակալը, քանզի բավական է, որ նա չխախտի նախնիների ավանդույթները` առանց շտապողականության կիրառելով նոր հանգամանքներում: Այդպես գործելով` նույնիսկ միջակ տիրակալը չի կորցնի իշխանությունը, եթե գահընկեց չարվի առավել հզոր ու ահեղ ուժով, բայց այդ դեպքում էլ նա նվաճողի առաջին իսկ անհաջողության դեպքում իշխանությունը կարող է հետ բերել:
Իտալիայում նման օրինակ է տվել Ֆերարայի դուքսը, որ շարունակեց իշխել` 1484 թ. պարտվելով վենետիկցիներին, 1510 թ.` Հուլիոս պապին, միայն այն պատճառով, որ հնուց ի վեր իր տոհմն իշխում էր Ֆերարայում: Քանի որ իշխանությունը ժառանգած տիրակալն ավելի քիչ պատճառներ և ավելի քիչ անհրաժեշտություն ունի հպատակներին ճնշելու, իսկ նրանք նման վերաբերմունքը փոխադարձում են մեծ սիրով, և եթե նա ատելություն հարուցող ծայրահեղ արատներ չի ունենում, օրինաչափորեն վայելում է քաղաքացիների բարյացակամությունը: Հին և ժառանգական կառավարումը ստիպում է մոռանալ ինչ-որ ժամանակ եղած հեղաշրջումներն ու դրանց պատճառները, մինչդեռ ցանկացած փոփոխություն ճանապարհ է հարթում նոր փոփոխությունների առաջ:
(շարունակելի)

Դիտվել է՝ 5386

Մեկնաբանություններ